Ամերիկայում վերջին օրերին  Walmart ընկերության հանրախանութների եւ արագ սննդի հայտնի ցանցերի՝ «Մաքդոնալդս», «Բուրգեր քինգ», «Տակո Բել», «Ուենդիս» եւ «Կենտուկի ֆրայդ չիքըն» ռեստորանների աշխատակիցները ցույցի են ելել՝ բողոքելով ցածր աշխատավարձերի դեմ։

Ցույցին աջակցում են արհմիությունները եւ մի շարք հասարակական ձախ կազմակերպություններ։

Ցույցերն սկսվել են նախորդ շաբաթ՝ Գոհաբանության օրվանից հետո, այսպես կոչված՝ «Սեւ ուրբաթ» օրը, երբ Ամերիկայում վրա հասավ էժանագին վաճառքի օրգիան, որն ընդգրկել էր միլիոնավոր մարդկանց։

Այդ օրը Walmart ընկերության որոշ աշխատակիցներ լքել էին աշխատավայրը եւ արհմիությունների հետ ցույցի ելել, հայտնում է BBC-ի մամուլի ծառայությունը։

Ցույցերը շարունակվել են այս շաբաթ Նյու Յորքում, որտեղ բողոքողները «Մաքդոնալդսի» եւ էժանագին այլ ռեստորանների աշխատակիցներն էին։

Այժմ, ըստ դաշնային եւ նյույորքյան օրենսդրության, մեկ ժամվա դիմաց նվազագույն վճարը կազմում է 7,25 դոլար։ Արագ սննդի ռեստորաններում աշխատողները ժամվա դիմաց ստանում են 8,90 դոլար։ Քաղաքում նրանցից ցածր աշխատավարձ ստացող չկա։

Ցուցարարները պահանջում են, որ արագ սննդի համակարգում գանձապահներին եւ խոհարարներին 1 ժամվա դիմաց նվազագույնը 15 դոլար վճարեն։ Նաեւ պահանջում են արագ սննդի ոլորտում արհմիությունների ստեղծում։