Նորվեգիայի առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարար Ռոջեր Ինգեբրիգսթենը հրաժարական է տվել՝ խոստովանելով, որ սեռական կապ է ունեցել անչափահասի հետ:

Facebook-ի իր էջում իշխող Նորվեգիայի աշխատավորական կուսակցության անդամը գրել է, որ, քանի որ 2004 թվականին տեղի ունեցած պատմության հանգամանքները հասարակության սեփականությունն են դարձել, ինքն այլեւս իրավունք չի վերապահում իրեն նման բարձր պաշտոն զբաղեցնել:

«Երբ ես 37 տարեկան էի, ես սիրավեպ եմ ունեցել երիտասարդ աղջկա հետ, ով 20 տարով փոքր էր ինձանից: Նման կապն անթույլատրելի է ինչպես տարիքային տարբերության, այնպես էլ այն պատճառով, որ այդ աղջիկը Նորվեգիայի աշխատավորական կուսակցության անդամ էր»,-գրել է փոխնախարարը, հավելելով, որ այլեւս չի առաջադրվի խորհրդարանի անդամ դառնալու համար, հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:

Նորվեգիայում սեռական համաձայնության տարիքը 16-ն է եւ Ինգեբրիգսթենը պնդում է, որ իր գործողություններում հանցակազմ չի եղել, թեեւ դա անբարո կապ է եղել:

Փոխնախարարը 17-ամյա աղջկա հետ սեռական կապը սխալ, իսկ իրեն գլխավոր մեղավոր է համարել, հայտարարելով, որ ամաչում է իր արարքների համար: