Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի կոնֆերանսում անդրադարձել է Մերձավոր Արեւելքի ընթացիկ դեպքերին։

Նրա խոսքով՝ «Ժողովրդավարության պարտադրումը», որն այժմ տեղի է ունենում տարածաշրջանի երկրներում, կհանգեցնի սոսկ ծայրահեղական եւ բռնի ուժերի աշխուժացմանը։ 

Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի անզիջում դիրքորոշումը Սիրիայի խնդրի ուժային կարգավորման հարցում ոչ թե արեւմտյան ազդեցությանը դիմակայելու դրսեւորում է, այլ այն համոզմունքի հետեւանք, որ «Դեպի ժողովրդավարություն տանող ուղին երկաթով եւ արյամբ չի լինում», հայտնում է rbc-ն։

Բացի այդ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը պետք է զարգացնի իր ռազմարդյունաբերական ներուժը ոչ թե «մեծ գերտերության» կարգավիճակը պահպանելու համար, այլ նրա, որ դա «անհրաժեշտություն է անհանգիստ աշխարհում»։

Նա նաեւ անուղղակիորեն «Արեւելյան գործընկերությանը» մեղադրել է «Եվրատլանտիկայում ընդդիմադիր տրամադրություններ հրահրելու մեջ»։