Նոյեմբերի 30-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ անդրադարձավ «Կանայք, խաղաղություն ու անվտանգություն» թեմային, որի քննարկմանը ելույթներով հադես է եկել նաեւ կազմակերպությունում Հայաստանի դեսպանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ դեսպանը բարձր է գնահատել հասարակական կառույցների կողմից ազգային ու միջազգային մակարդակներում տարվող աշխատանքները, նշել որ կանանց նկատմամբ բռնությունների մասշտաբի, հաճախականության ու դրանց ազդեցության մասին տեղեկատվական դաշտի անբավարար լինելու պատճառով դանդաղում է համապատասխան ու արդյունավետ կանխարգելող իրավական բարեփոխումների ու գործողությունների մշակումը եւ իրականացումը:

Կարեն Նազարյանը մեծապես կարեւորել է կանանց քաղաքական մասնակցությունը` մասնավորապես հակամարտություններից տուժած տարածաշրջաններում ու այդ համատեքստում հույս հայտնել, որ քաղաքացիական հասարակության համար մշակված Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման եվրոպական գործընկերության ծրագիրը նույնպես կարող է օգտակար լինել հակամարտության բոլոր երեք կողմերի ԶԼՄ-ների ու հասարակական կառույցների ներկայացուցիչների միջեւ երկխոսություն խթանելու համար:

Որպես Ֆրանկոֆոնիայի նորընտիր անդամ, Կարեն Նազարյանը նշել է նաեւ որ, Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի գենդերային հավասարության եւ կանանց առաջխաղացման (UN Women) ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջեւ համագործակցության  մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումը:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է նախագահական հայտարարություն` ընդգծելով կառավարությունների դերը խաղաղության հաստատման եւ հակամարտությունների կարգավորման փուլերում կանանց քաղաքական մասնակցությունն ապահովելու հարցում: