Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մտադիր է հարցաքննել երկրի նախկին վարչապետ Իվանե (Վանո) Մերաբիշվիլիին՝ կեղծ փաստաթղթեր օգտագործելու եւ ապօրինաբար պետական սահմանը հատելու գործով: Այս մասին ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է այսօր՝ դեմկետմեբր 1-ին:

«Վրաստանի նախկին վարչապետ Իվանե Մերաբիշվիլին 2012-ին նոյեմբերի 30-ին, պետական պատվիրակության կազմում ժամանել է Թբիլիսիի միջազգային օդանավակայան, նպատակ ունենալով մեկնել Երեւան: Անձնագրային ստուգման ժամանակ Վրաստանի նախագահի արձանագրային ծառայության աշխատակից օդանավակայանի սահմանապահին է ներկայացրել Մերաբիշվիլիի անձնագիրը: Սահմանապահ ծառայության աշխատակիցը հայտնաբերել է, որ անձնագիրը տրվել է Լեւան Մայսուրաձեի անունով, բայց Իվանե Մերաբիշվիլիի լուսանկարով»,-նշվում է հայտարարության մեջ:

Միաժամանակ, Վրաստանի ՆԳՆ-ն ընդգծում է, որ Մերաբիշվիլիի նկատմամբ ընթացակարգեր չեն կիրառվել, որպեսզի չխոչընդոտեն Երեւան կատարելիք պետական այցին եւ խնդիրներ չստեղծեն պատվիրակության համար:

Ինքը՝ Մերաբիշվիլին ՆԳՆ հայտարարությունն «անհեթեթ» եւ «բոլոր սահմաններից դուրս» է որակել:

«Արդեն երկու ամիս է, որ եկել է այս իշխանությունը եւ նրա անհեթեթությունը նոր մակարդակի է հասել: Այն լրջորեն փորձում է համոզել հասարակությանը, որ ես փորձել եմ Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակության հետ Երեւան մեկնել կեղծ անձնագրով: Մենք բոլորս գիտենք, որ այս իշխանությունը փորձում է բոլորին վախեցնել, բայց այսօրվա հայտարարությունը դուրս է բոլոր սահմաններից»,-այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Մերաբիշվիլին: