Նախագահական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, առաջադրի էլ սեփական թեկնածուին, չառաջադրի էլ, կսատարի գործող նախագահին, ու հենց դրանում է պարադոքսը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը:
«Այս պահի դրությամբ, կարծում եմ, ԲՀԿ-ից որեւէ մեկը չի առաջադրվի, բայց չես կարող ասել,թե հունվարի 1-ին ինչ տրամադրությամբ կարթնանան: Աստված գիտի, թե ինչպես կանցկացնեն Ամանորը կուսակցությունում եւ հունվարի 1-ին ինչ տրամադրությամբ կարթնանան: Գուցե Նոր տարին նոր պայմաններ առաջադրի կուսակցության եւ կուսակցական առաջնորդին»,- ասաց նա:
Նրա խոսքով` անգամ եթե ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը առաջադրվի, չի կարծում, թե կուսակցությունը կսատարի նրան: Արման Մելիքյանի կարծիքով` ԲՀԿ-ի որոշումը թե դրականի, թե բացասականի դեպքում, երանգներ չի բերի Հայաստանի հասարակությանը: «Մենք լուրջ կարիք ունենք իշխանական համակարգի էական որակական փոփոխության, իմ տպավարությամբ` ԲՀԿ-ն ունի այն նույն որակները, որը առկա է գործող իշխանության մեջ, ակնկալիքներ չպետք է ունենանք դրա հետ կապված: Ինչ առաջադրում էլ տեղի ունենա, դա դժվար թե լինի առանց գործող իշխանության հետ փոխըմբռնմամբ: Եթե նման բան տեղի ունեցավ, դա կնշանակի, որ պարոն Ծառուկյանը եւ Սարգսյանը եկել են փոխհամաձայնության եւ պարոն Ծառուկյանը նախապես համակերպված կլինի պարտության հետ, իրեն տրված կլինեն սեփականության անվտանգության հետ երաշխիքներ: Իշխանական համակարգը ունի երկու արտահայտված բեւեռ, մեկը արհեստածին է, այդ է պատճառը, որ ԲՀԿ-ն ինչ էլ անի, դա ըստ էության, նպաստելու է գոյություն ունեցող իշխանական համակարգի` այդ թվում ԲՀԿ-ի, հետագա գոյատեւմանը»,- ասաց նա:
Արման Մելիքյանի կարծիքով` վարչապետի պաշտոնի ԲՀԿ-ին հանձնելու պայմանավորվածություն ձեռք բերելը շատ դժվար է, քանի որ այդ դեպքում իշխանական բուրգի ներքին հավասարակշռությունը կխախտվի, ինչը կհանգեցնի
Խոսելով մյուս քաղաքական ուժերի մասին` նա նշեց, որ գործարքային հիմունքներով խորհրդարանում հայտնված ուժերը ըստ էության հայտնվել են կոլափսի մեջ, նրանց նկատմամբ հանրության վստահությունը էական նվազել է եւ դա վերաբերում է բոլոր ուժերին: «Այդ ուժերից ոմանք ունեն իշխանական լծակներ, ոմանք` չունեն, բայց ցանկանում են ունենալ: Հանրության վստահությունը բոլորի հանդեպ զրոյական է, ինչ էլ որ անեն, նրանց նկատմամբ վստահությունը չի ավելանալու»,- ասաց նախին արտգործնախարարը:
Նրա կանխատեսմամբ` նախագահական ընտրություններին «Ժառանգությունը» կսատարի Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի պահվածքը շատ դժվար է, նրանք չեն կարող ոչ մասնակցել ընտրություններին, ոչ չմասնակցել, թեեւ ինչ էլ անեն, նրանց հանդեպ վստահությունը չի ավելանա:




























