Կաթոլիկական Սուրբ Ծննդի նախօրեին ԱՄՆ-ի օդատիեզերական պաշտպանության միավորված հրամանատարությունը (NORAD) կհետեւի Սանտա Կլաուսի տեղաշարժին։
Սանտայի տեղն իմանալ ցանկացողները նրա տեղաշարժին կարող են հետեւել հատուկ կայքի միջոցով։ Քարտեզին Սանտա Կլաուսի գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը կթարմացվի հինգ րոպեն մեկ։ կայքում կտեղակայվի նաեւ տեղաշարժերի տեսագրությունը։
Սանտա Կլաուսի եւ նրա օգնական եղջերու Ռուդոլֆի ճանապարհորդությունը կսկսվի դեկտեմբերի 24-ի կեսգիշերին եւ կավարտվի դեկտեմբերի 25-ին։ Սանտայի եւ Ռուդոլֆի ճանապարհորդությանը կհետեւեն ԱՄՆ-ի եւ Կանադայի ավելի քան 40 ռադիոտեղորոշիչ կայաններ, գրում է vesti.ru-ն։
Սանտա Կլաուսին հետեւելու ավանդույթը NORAD-ում ձեւավորվել է 1955թ., որբ ամերիկյան թերթերից մեկում հեռախոսահամար էր տպվել, որով կարելի էր «զրուցել Սանտայի հետ»։ Բայց թյուրիմացության պատճառով զանգահարող երեխաներն ընկել էին հրամանատարության ՀՕՊ գրասենյակ։ Դրանից հետո 1958թ. զինվորականները ցանկացողներին Սանտայի տեղը հաղորդելու պարտականությունն էին ստանձնել։
Նախկինում Սանտայի տեղը կարելի էր պարզել միայն հեռախոսով։





























