«Ռաֆէլգրիգ» ընկերությունը 2013 թ-ից նախատեսում է ռելե առաքել ռուսաստանյան ինքնաթիռաշինական ընկերություններին:  Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ընկերության ղեկավար Ռաֆայել Գրիգորյանը: Ավիացիոն շուկայում ռելեների մատակարարումը տարեկան մի քանի միլիոն է կազմում:  Ներկայումս գործարանը ռելե է արտադրում մեքենաների համար: Արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է Ռուսաստան (ստարտերի, լուսարձակների, գեներատորների  անջատիչներ եւ այլն):

Երեւանի ռելեի գործարանը խորհրդային շրջանում եւս օդանավերի համար ռելե է մատակարարել, իսկ «Ռաֆէլգրիգը» գործարանի Եեգնաձորի մասնճյուղն է եղել: «Ռուսաստանում եւ Ուկրաինայւոմ ինքնաթիռաշինության ծավալները գնալով աճում են, եւ նոր մատակարարումներ են պահանջվում:  Մեզ հաջողվեց ինքնուրույն  նրանց հետ պայմանավորվածություն  ձեռք բերել, եւ պատրաստվում ենք աշխատանքներին ձեռնամուխ լինել հաջորդ տարի»,-նշեց Ռ. Գրիգորյանը: Ընկերության հաճախորդները, ի թիվս ուրիշների, կդառնան նաեւ ռուսաստանյան «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ընկերությունն ու ուկրաինական «Անտոնով» պետական ընկերությունը: