Թեեւ ամիսներ առաջ Aykiridogrular կայքի հայազգի լրագրող Ջեւաթ Սինեթը բարձրաձայնել էր, որ Սիիրթ նահանգի (Սղերթ) Էրուհի շրջանում նոր ավտոճանապարհ կառուցելու համար քանդվում է հայկական գերեզմանոցը, այդ փաստը թուրքական իշխանություններին որեւէ կերպ չեր հետաքրքրել, ավելին, Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը հայտարարել էր, թե հայկական գերեզմանը պահպանության համար արժեք չի ներկայացնում եւ նրա քանդումն էլ նախարարությանը չի հետաքրքրում:

Սակայն ամիսներ անց, ճանապարհով մեկ ցաք ու ցրի եղած հայերի կմախքների ճակատագրով մտահոգվել են ճանապարհի հարեւանությամբ գտնվող Քայաբողազ գյուղի բնակիչները։ Գյուղացիների մտահոգությունները լուրջ արձագանք է գտել թուրքական լրատվամիջոցներում։

Գյուղացիները նշել են, թե այդ հատվածում եղել է հայկական գյուղ, որտեղ տարիներ առաջ ապրել են հայերը։ Նրանք նշել են, թե ճանապարհի կառուցման հետեւանքով քանդվել է հայերին պատկանող գերեզմանները, իսկ մահացածների ոսկորները տարածվել շրջակայքում։

Ըստ գյուղացիների, տարածքում սփռված մահացածների ոսկորները պաշտնյաներին չեն հետաքրքրում, ինչի դեմ իրենք բողոքի ձայն են բարձրացնում՝ պահանջելով, որ ոսկորները տեղափոխվեն եւ անվտանգ տեղում թաղվեն։