«Այաս» ծովային ակումբի նախագահ Կարեն Բալայանը Պետրոզավոդսկում հանդիպել է Կարելիայի ծովային կենտրոնի եւ «Բեւեռային Ոդիսեւս» ակումբի նախագահ Վիկտոր Դմիտրեւի հետ եւ քննարկել Նոյյան տապանի պատրաստման բացառիկ եւ մասշտաբային ծրագիրը:
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, վկայակոչելով rk.karelia.ru կայքին, տեղեկացնում է, որ կողմերը փոխըմբռնում են գտել:«Կարեն Բալայանի գաղափարը ինձ դուր եկավ: Մեր հայ գործընկերները ճիշտ հասցեով են դիմել. Պետրոզավոդսկը Ռուսաստանի այն քիչ վայրերից է, որտեղ պատրաստում են պատմական նավերը: Բիբլիական նավերը պետք է դառնան միջազգային սոցիալ-մշակութային նախագիծ, որին, ակնկալում ենք, պետք է մասնակցեն ոչ միայն մեր եղբայրական երկրներն ու ժողովուրդները, այլեւ աշխարհի շատ երկրներ, այդ թվում` Սեւծովյան-Միջերկրածովյան ավազանի երկրները, ինչպես նաեւ հայկական սփյուռքը: Ենթադրում եմ, որ նավի կառուցման համար ամենահարմար վայրը Ռուսաստանում Սեւծովյան ափն է` Սոչիի շրջանում»,-ասել է Վիկտոր Դմիտրիեւը:
Նշենք, որ հոլանդացի հյուսն Յոհան Հուիբերսը 2012 թ-ին ավարտել էր լողացող Նոյյան տապանը` 135մ երկարությամբ, եւ ցանկացել էր դրանով նավարկել Լոնդոն` օլիմպիական խաղերին, սակայն համապատասխան թույլտվություն չէր ստացել:





























