Ավանն ու Նոր Նորք վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայացած ընտրություններում հաղթանակ է տարել ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երեւանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Ռոբերտ Սարգսյանը, ով առաջադրվել էր ՀՀԿ-ի կողմից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից NEWS.am-ին հայտնեցին նախնական արդյունքները, որոնց համաձայն, ընտրություններին մասնակցել են գրանցված 64 հազար 763 ընտրողներից 23 հազար 830-ը կամ 36,82 տոկոսը: Ռոբերտ Սարգսյանը ստացել է 18 հազար 805 քվե, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը` 3 հազար 680 քվե, իսկ ինքնառաջադրված Էդուարդ Պետրոսյանը` 461 քվե: Ռոբերտ Սարգսյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է:
Ընտրությունների օրը Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբն արձանագրել է բազմաթիվ խախտումներ, իսկ թեկնածուն ընտրությունները ոչ ազատ, ոչ թափանցիկ եւ ոչ ժողովրդավարական էր գնահատել:
Նշենք, որ թիվ 1 ընտրատարածքի մանդատն ազատ էր մնացել, երբ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական էր ներկայացրել իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանում ռազմական բժիշկներին ծեծի ենթարկելու եւ Վահե Ավետյանի մահվանից հետո:





























