Ճապոնիայում թունելի փլուզման զոհ է դարձել ինը մարդ, հայտնում է ճապոնական ոստիկանությունը:
Նրանց շարքում է բեռնատարի վարորդը, որը վթարից հետո հասցրել էր հեռախոսով օգնություն խնդրել: Թունելի սեփականատեր ընկերության ներկայացուցիչն արդեն հայտարարել է, որ դեպքի գլխավոր պատճառը եղել է սարքավորումների մաշվածությունը:
Հիշեցնենք, միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին: Փլուզվել է Սասագո չորսկիլոմետրանոց թունելի բետոնե ծածկը` մինչեւ 100 մ երկարությամբ:
Ոստիկանությունը հայտնել էր, որ երկու մեքենա մնացել էին փլատակների տակ, նրանցից մեկը բռնկվել էր, սակայն հրդեհը հաջողվել էր մարել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վթարի պահին թունելում 25 մեքենա էր եղել, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Վաղ առավոտյան արագընթաց մայրուղու եւ թունելի սեփականատեր NEXCO ընկերության ներկայացուցիչը պաշտոնապես ընդունել է, որ Սասագոյում թունելի փլուզման պատճառ են դարձել հնամաշ սարքավորումները:
Սասագոյի թունելը կառուցվել է 1977 թ., այս ընթացքում հեղույսները չեն փոխվել: Ճապոնիայի իշխանություններն անմիջապես սկսել են թունելների ստուգումները: Ճապոնիայում այժմ կա 360 թունել, որոնք կառուցվել են ավելի քան 30 տարի առաջ:


























