ԱՄՆ-ի ոստիկանությունը փորձում է պարզել Վայոմինգ նահանգի Կասպեր քաղաքում նոյեմբերի 30-ին կատարված սպանության պատճառները:
Հաղորդվում է, որ այդ օրն առավոտյան 25-ամյա Քրիստոֆեր Քրումը ներխուժել է Կասպերի քոլեջի սենյակ, որտեղ իր հայր Ջիմ Քրումը ծրագրավորման դասընթաց էր անցկացնում, եւ նետահարել նրան: Չնայած որ նետը դիպել է հոր գլխին, վերջինիս հաջողվել է բռնել տղային, որպեսզի ուսանողները կարողանան լքել դասասենյակը: Դրանից հետո Քրիստոֆերը դանակահարել է հորը, որը տեղում մահացել է:
Մարդասպանն ինքնասպան է եղել` իրեն դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելով: Հոր սպանությունից առաջ Քրիստոֆեր Քրումը սպանել էր նաեւ նրա ընկերուհի Հեյդի Առնոլդին, որը մաթեմատիկա էր դասավանդում նույն քոլեջում:
Ըստ հարեւանների` 25-ամյա Քրիստոֆեր Քրումը մասնագիտությամբ շինարար էր եւ շփվող չէր, հայտնում է lenta.ru-ն:
AP-ի հաղորդմամբ, տեղի ոստիկանությունում հայտնել են, որ դեպքից մի քանի շաբաթ առաջ մարդասպան Քրիստոֆեր Քրումը բողոքել է հարեւանին, որ հորից իրեն փոխանցվել է Ասպերգերի աշխտանիշը: Ըստ Քրումի` հորը պետք է «ամորձատեին» եւ արգելեին երեխաներ ունենալը:


























