Բուդապեշտում դեկտեմբերի 2-ին շուրջ տասը հազար մարդ մասնակցել են  «Հանուն ավելի լավ Հունգարիայի» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարտոն Դյոնդիշիի «հրեական ցուցակի» դեմ բողոքի ցույցին:

Ցույցի պատճառը հունգարական կառավարության կազմում գտնվող հրեաների ցուցակ կազմելու Մարտոն Դյոնդիշիի առաջարկն էր, որոնք, ըստ նրա, «կարող են վտանգ ներկայացնել երկրի կառավարության համար»: Ցույցի մասնակիցների պահանջների թվում Դյոնդիշիի հրաժարականն էր:  Ցույցին մասնակցել են նաեւ նախարարներ, քաղաքական ընդդիմադիր գործիչներ, ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեսպանները, հայտնում է rbc-ն:
Մ. Դյոնդիշին ներողություն է խնդրել, սակայն հրաժարվել է լքել խորհրդարանական աթոռը:

Նոյեմբերի 27-ին Դյոնդիշին երկրի կառավարությանը կոչով էր դիմել` կազմելու իշխանության մոտ կանգնած այն հրեաների ցուցակը, որոնք վտանգ են ներկայացնում Հունգարիայի անվտանգությանը: Առաջարկն արվել է Իսրայելի թեմայով խորհրդարանական քննարկումների ժամանակ:

Ի պատասխան Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնիի ելույթի, որն աջակցել էր Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղ համաձայնագրի ստորագրումը, Դյոնդիշին հայտարարել էր, որ  «ժամանակն է» Հունգարիայի համար վտանգ ներկայացնող հրեաների ցուցակ կազմելը: 

«Հանուն ավելի լավ Հունգարիայի» կուսակցությունը 47 տեղ է զբաղեցնում  երկրի 386 տեղանոց խորհրդարանում  եւ երեք տեղ Եվրախորհրդարանում: