Եգիպտոսի դատավորների միությունը որոշել է հրաժարվել Սահմանադրության հանրաքվեում քվեարկությունից, ինչպես նաեւ դրա անցկացումը վերահսկելուց: Ըստ եգիպտական Էլ Բեհեյրա նահանգի դատավորների միության ղեկավար Աբդերահիմ Յուսեֆի` տվյալ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ նախագահ Մուհամեդ Մուրսին հրաժարվել է վերացնել սահմանադրական նոր հայտարարագիրը: Նրանք վստահ չեն, որ իշխանությունը հանրաքվեի ընթացքում կապահովի իրենց անվտանգությունը, հայտնում է KM.RU-ն:
«Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ դատավորներին աջակցել է ընդդիմությունը: Ընդդիմադիրները Մուրսիին մեղադրում են խոստումը խախտելու մեջ. նախագահը խոստացել էր ժողովրդի անհամաձայնության դեպքում հանրաքվե չանցկացնել:
Նախօրեին Եգիպտոսի Սահմանադրական գերագույն դատարանը հայտարարել էր «անորոշ ժամկետով» գործունեությունը դադարեցնելու մասին: Պատճառ էր դարձել դատարանի շենքի դիմաց տեղ գտած միջադեպը. դռների մոտ կուտակված մարդիկ ներս չէին թողել դատավորներին, որոնք պետք է քննարկեին խորհրդարանի Վերին պալատի եւ Սահմանադրական հանձնաժողովի լուծարման հարցերը:
Երկու օր առաջ հանձնաժողովն ավարտել էր երկրի գլխավոր օրենքի մշակման աշխատանքը, եւ վերջնական տարբերակը ստորագրման համար հանձնվել էր նախագահին: Մուրսին համաժողովրդական հանրաքվեի անցկաման ամսաթիվ էր նշանակել դեկտեմբերի 15-ը:




























