Ռուսաստանի ՆԳՆ-ն Կրեմլից պաշտոնյաների դեմ քրեական գործեր հարուցելու քարտ-բլանշ է ստացել: Ուժայիններին կանաչ լույսի հստակ ազդանշան է տրվել: «Բոլոր նյութերին կարելի է ընթացք տալ` անկախ նրանից, թե ինչ դիրքի պաշտոնյա կտուժի», - rbc daily-ին հայտնել է ՆԳՆ-ի աղբյուրը:
Հիշեցնենք, ավելի վաղ լրատվամիջոցները ողողված էին պաշտպանության նախարարությունում, «Ռոսկոսմոսում» եւ Մարզային զարգացման նախարարությունում բազմամիլիարդանոց խարդախությունների բացահայտումների մասին լուրերով: Նախորդ շաբաթվա ամենաաղմկահարույց իրադարձությունը գյուղատնտեսության նախկին նախարար Ելենա Սկրիննիկի գործի «բացահայտումն» էր, որին կենտրոնական հեռուստաալիքներից մեկի եթերում մեղադրել էին 39 միլիարդ ռուբլու յուրացման մեջ:
Պարզվել է, որ «Ռոսագրոլիզինգի» գործը, որին մասնակից է նաեւ Սկրիննիկը, ՆԳՆ-ի աշխատակիցները քննում են արդեն մի քանի տարի: Սակայն հենց քննիչները հասնում էին նախարարի կամ տեղակալների մակարդակին, ցուցում էր ստացվում չխորանալ: Իսկ այժմ գործը նոր լիցք է ստացել: Ոչ մի պաշտոնյա չի հովանավորվի, հայտնել է Կրեմլի աղբյուրը:
Փորձագետները զգուշորեն են արտահայտվում Կրեմլի այդ որոշման դրդապատճառների մասին: «Մի կողմից, գործող իշխանությունը ցանկանում է ինչ-որ կերպ շահել հանրության վստահությունը, մյուս կողմից էլ` կան կլանային պատերազմներ, որոնց շրջանակում պատվիրվում են այս կամ այն քրեական գործերը», - կարծում է «Պետերբուրգյան քաղաքականություն» հիմնադրամի նախագահ Միխայիլ Վինոգրադովը:





























