News International մեդիահոլդինգի գործադիր տնօրեն Թոմ Մոքրիջը լքում է պաշտոնը: News Corp ձեռնարկության ղեկավար Ռուպերտ Մերդոքը հայտնել է, որ Մոքրիջի որոշումը «նրա անձնականն է»:

Մոքրիջը Մերդոքի հետ աշխատել է 22 տարի, իսկ 2003թ.-ից ղեկավարել է իտալական  շուրջօրյա Sky Italia հեռուստաալիքը, հայտնում է  BFM.RU-ն:

Մոքրիջը News International-ը ղեկավարել է  2011թ. The News of the World պարբերականի սկանդալից հետո, որի հետեւանքով պաշտոնից հեռացել էր Ռեբեկա Բրուքսը:  Այժմ նրա դեմ պաշտոնական մեղադրանքներ են ներկայացվել ոստիկանական քննությանը խոչընդոտելու, պաշտոնյաներին  կաշառելու եւ քաղաքացիների հեռախոսազրույցները գաղտնալսելու համար:

News International-ը ղեկավարում է բրիտանական մի շարք  հայտնի թերթեր, մասնավորապես` The Sun-ը եւ The Times-ը: Ըստ BBC News-ի աղբյուրների` մեդիահոլդինգը մտադիր են  բաժանել երկու մասի` հեռուստատեսային եւ տպագրական: