Դոնի Ռոստովում դաժան սպանություն է կատարվել. որդին մորթել է ծնողներին, ինչպես նաեւ փորձել է սպանել քրոջը եւ նրա որդուն:

Ռոստովցին դեկտեմբերի 2-ի երեկոյան տուն է եկել եւ ծնողներին ասել, որ վերջիններս փչացրել են իր կյանքը: Այդ ժամանակ բնակարանում են եղել նաեւ նրա 35-ամյա քույրը եւ նրա 14-ամյա որդին:  Երբ զրույցը վերաճել է կռվի, նա անսպասելի վերցրել է դանակը եւ սկսել հարվածել հարազատներին: Քույրը մոր հետ  վազել է դուրս ` հարեւաններին աղերսելով ոստիկանություն կանչել: Այդ ժամանակ տղան մորթել է հորը, վիրավորել քրոջ որդուն եւ վազել կանանց հետեւից: 

Արդյունքում ծնողները մահացել են, քույրը ծանր վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Բժիշկները նրա մարմնին դանակի տասը վնասվածքներ են հայտնաբերել` կրծքավանդակի, ձեռքերի, թիակների եւ մեջքի հատվածում: Նախաբազկի հատվածից վիրավոր նրա որդուն արդեն դուրս են գրել: Ժամանած իրավապահները ձերբակալել են հարձակվողին: Վերջինս հարազատների հետ հաշվեհարդարից հետո  դանակը ձեռքին տան շրջակայքում զբոսնելիս է եղել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: