Այսօր, դեկտեմբերի 3-ը, հաշմանդամության խնդիր ունեցող անձանց միջազգային օրն է, որն աշխարհում նշվում է 1992 թվականից` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ:
Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ուղերձ է հղել` հանրապետության բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց մաղթելով առողջություն եւ բարեկեցություն:
«Ձեր հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում են: Հոգատարության եւ աջակցության կարիք ունեն բոլոր հաշմանդամները, այդ թվում` մեր ազգի այն քաջարի զավակները, որոնք հաշմանդամ դարձան Հայրենիքը պաշտպանելիս եւ որոնց առջեւ պետությունը, մենք բոլորս, կրկնակի բարոյական պատասխանատվություն ենք կրում:
Այսօր մեր պետությունն անում է հնարավորը` լուծելու հասարակության խոցելի խմբերի, այս դեպքում` հաշմանդամ մարդկանց խնդիրները, որոնք բազմազան են` սկսած շրջակա միջավայրի մատչելիության եւ հավասար պայմանների ապահովումից, մինչեւ բժշկասոցիալական վերականգնման միջոցառումների իրականացում, զբաղվածության խնդիրների լուծում: Առավել կարեւոր է հասարակության կողմից հաշմանդամ մարդկանց նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձեւավորումը, այն իրողության գիտակցումը, որ համապատասխան պայմաննների առկայության դեպքում հաշմանդամություն ունեցող անձը կարող է լիարժեքորեն ինտեգրվել հասարակություն, աշխատել, արարել: Սա է մեր գերխնդիրը եւ այս ուղղությամբ պետք է աշխատեն ինչպես պետական կառույցները, այնպես էլ հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները:
«Հաշմանդամներն ունեն հավասար իրավունքներ»,- սա սոսկ խոսք չէ: Հիմնվելով մեր ազգային արժեքների վրա, օգտագործելով զարգացած երկրների փորձը` մենք պետք է ստեղծենք այնպիսի հասարակություն, որտեղ հաշմանդամը կապրի լիարժեք կյանքով»,- նշել է նախարարը:



























