Քուվեյթի խորհրդարանական արտահերթ ընտրություններում շիաները ստացել են մանդատների մեկ երրորդը:
Քաղաքական ասպարեզում շիաների անհավանական հաջողությունը հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ ընդդիմության հիմնական ուժերը որոշել են չմասնակցել ընտրություններին եւ ընտրողներին կոչ են արել բոյկոտել քվեարկությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
2012 թ. փետրվարի ընտրություններում 23 տեղ զբաղեցրած իսլամիստները նոր խորհրդարանում տեղերի թիվը կրճատել են մինչեւ չորսի: Խորհրդարան են անցել նաեւ երեք կանայք, գրում է «Կոմերսանտը»:
Երբ հունիսին Սահմանադրական դատարանը չեղյալ էր հայտարարել նախորդ ընտրությունները, Քուվեյթում քաղաքական ճգնաժամ էր սկսվել: Հոկտեմբերի սկզբին էմիրը ցրել էր խորհրդարանը եւ փոխել ընտրական օրենսդրությունը:
Հոկտեմբերին երկրում տեղի էին ունեցել երկրի պատմության ամենազանգվածային հակակառավարական ցույցերը:
Նախօրեին Քուվեյթի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները իշխանություններից պահանջել էին լուծարել ընտրված Ազգային ասամբլեան (խորհրդարանը), որը նրանք անօրինական են համարում:





























