Ընթացիկ տարվա նոյեմբերի 27-30-ը , Վրաստանի  Պատրիարքության Սուրբ Անդրեյ  Նախակոչի  անվան  վրացական համալսարանի  նախաձեռնությամբ,  ռեկտոր Սերգո Վարդոսանիձե, «Քաղաքակրթությունների երկխոսություն»  նախագծի  շրջանակներում, անցկացվեց  վրաց-իրանական  II միջազգային  գիտաժողովը:  Գիտաժողովի նպատակն էր  ուղղափառության եւ  իսլամի  արժեքների վերլուծությունը,  Վրաստանում  գոյություն ունեցող  դավանանքների  իրավիճակի  քննարկումը: Գիտաժողովին իր  մասնակցությունն էր  բերել  Հայ Առաքելական  Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմը՝ առաջնորդ Գերաշնորհ  Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի  գլխավորությամբ:

Վիրահայոց Թեմի մամլո դիվանից հայտնում են, որ, բարձր գնահատելով   գիտաժողովի  նպատակը՝  գիտաժողովի աշխատանքին օրհնության  եւ  բարեմաղթանքի խոսք ասաց   Վիրահայոց Թեմի Առաջնորդ  Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նա  կարեւորեց  այն  հանդուրժողական  ոգին ու  շունչը, որը  ստեղծված է Վրաստանում  գործող  տարբեր  դավանանքների  համար  իրենց  Աստվածահաճո գործունեությունը  ծավալելու  նպատակով:

Գիտաժողովի մասնակիցների շրջանում  մեծ հետաքրքրություն առաջացրեց  պատմաբան,  Վրաստանի հայ մտավորականների Թբիլիսյան կազմակերպության նախագահ   Ենոք Թադեւոսյանի  զեկուցումը, որը նվիրված էր Հայ Առաքելական  ուղղափառ Սուրբ Եկեղեցու  Վիրահայոց  Թեմի եւ  հայ համայնքի  պատմությանը: 

Ուշագրավ էր գիտաժողովի մասնակիցների   հետաքրքրությունը  եւ բարեհաճ վերաբերմունքը  ազգային  եւ  կրոնական  փոքրամասնությունների  հանդեպ, ինչը    վրաց ժողովրդի պատմականորեն ձեւավորված   հանդուրժողական վերաբերմունքի վկայությունն էր եւ,   իրավամբ դարեր շարունակ հանդիսացել է  Վրաստանում բազմազգ մշակույթների զարգացման հիմնաքարը: