Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը  Վրաստանում մարդ չի  գցել մեքենայի տակ եւ տարածված տեղեկությունները իրականության հետ, որեւէ աղերս չունեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը: «Վերջին 2 տարիներին, ինչ ես աշխատում եմ պարոն Բալասանյանի հետ, փառք Աստծո, նրա փոխադրամիջոցի հետ կապված որեւէ ճանապարատրանսպորտային պատահար չի եղել: Իսկ տարածված լուրերը Սամվել Բալասանյանին վարկաբեկելու հերթական անօգուտ սուտն է»,- ասաց Զոհրաբ Եգանյանը: Հարցին, թե Սամվել Բալասանյանը վերջին անգամ, երբ է Վրաստանում եղել` մամուլի խոսնակն ասաց, որ Սամվել Բալասանյանը տարբեր ժամանակներում տարբեր վայրերում է եղել: «Կոնկրետ այս տեղեկությունը այնքան սուտ եւ չհիմնավորված է, որ մանրամասնել, թե երեկ Սամվել Բալասանյանը որտեղ է եղել եւ ինչ է արել համարում եմ անօգուտ»,- նշեց Զոհրաբ Եգանյանը եւ ավելացրեց, որ երեկ տեղական լրատվամիջոցներն էլ են լուսաբանել, որ Սամվել Բալասանյանը Գյումրի քաղաքապետարանի շենքում մասնակցել է հաշմանդամերի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: