Հիմնվելով Հայաստանի պետական տարբեր կառույցների կայքերի դիտարկման վերլուծության վրա՝ կարելի է եզրակացնել, որ ընթացիկ տարում նախարարությունների եւ կառավարական հաստատությունների 35 կայքերից 25-ն ընթացիկ տարում նախորդ տարվա համեմատ բարելավել են արդյունքները: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ի մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
2012-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Հայաստանի պետկառույցների կայքերի հերթական դիտարկում է անցկացրել՝ գնահատելու դրանց տեղեկատվության թափանցիկությունը: Ուսումնասիրությունն անցել է երկու փուլով՝ առաջինը տեւել է փետրվարի 15-ից մինչեւ ապրիլի 15-ը, երկրորդը՝ օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը:
Դիտարկման ընթացքում գնահատվել է առկայությունը կամ բացակայությունը, հրապարակված տվյալների ամբողջականությունը, օպերատիվությունը եւ հասանելիությունը: Աշոտ Մելիքյանը նշել է, որ դիտարկումն իրականացվել է 177 չափանիշներով, որոնցից 150-ը կապ ունեն բովանդակության հետ, 27-ը տեխնիկական են:
«Այս տարի պետական մարմինների 52 կայք է ուսումնասիրվել (2011-ի 38-ի փոխարեն), որոնք պայմանականորեն 3 խմբի են բաժանվել: Առաջին խմբում ընդգրկվել է նախարարությունների եւ կառավարական հաստատությունների 35 կայք: Երկրորդում ներառվել են Հայաստանի 10 մարզերի պաշտոնական կայքերը, երրորդում՝ ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, Սահմանադրական դատարանի, Հայաստանի գլխավոր դատախազության, Երեւանի քաղաքապետարանի կայքերը», - նշել է Մելիքյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am



























