Բրյուսելում նոյեմբերի  28 – 29-ը կայացած ավանդական խորհրդակցության արդյունքների վերաբերյալ  Եվրոպական Միության  եւ Հայաստանի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ամփոփիչ հայտարարությունը դրական եւ կարեւոր էր: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսում նշել է ԵՄ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ գնահատելով Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ գործընկերության եւ ասոցացման համաձայնագրի մասին ամփոփիչ հայտարարությունն եւ խորհրդատվությունը:

Մասնավորապես, Ֆարմանյանը, նշելով փաստաթղթի կարեւորությունը, Հայաստանի համար մի քանի առավել կարեւոր կետ է առանձնացրել`

16. համոզմունք է հայտնում, որ չի կարող որեւէ այլընտրանք լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ափսոսանք է հայտնում բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության առթիվ եւ ընդգծում է առկա ստատուս քվոյի շրջանակներից այն կողմ` դեպի անվտանգ ու բարգավաճ ապագայի կառուցում ընթանալու կարեւորությունը,

17. վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, ինչպես նաեւ մադրիդյան սկզբունքների փաթեթին, առանց բացառության, որոնք ներկայացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների կողմից իրենց 2009թ. Լաքվիլայի եւ 2010թ. Մուսկոկայի համատեղ հայտարարություններում, նաեւ ամբողջությամբ աջակցում է երեք նախագահների 2011թ. մայիսի 26-ին ընդունված Դովիլի հայտարարությանը, որը հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար,  ինչպես նաեւ աջակցում է 2012 թ. հունիսի 18-ին ընդունված Լոս Կաբոսի հայտարարությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության  կարգավորման համատեքստում ընդգծում է հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու կարեւորությունը, որպես կարեւոր քայլ դեպի խաղաղության համապարփակ համաձայնագրի կնքում, որը կապահովի հարատեւ եւ կայուն խաղաղություն, նաեւ ընդգծում է բարենպաստ պայմաններ ստեղծելու կարեւորությունը` ապագայում իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համար,

18. ընդգծում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կարեւոր նշանակությունը, ներառյալ ԵԱՀԿ առաջարկությունների համաձայն դիպուկահարների հետ քաշումը շփման գծից,

19. պաշտպանում է եւ կոչ է անում ստեղծել միջադեպերի կանխարգելման եւ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների անկախ հետաքննություն իրականացնելու գործունյա մեխանիզմ, ինչպես հայտարարված է 2011թ. մարտին, Սոչիի գագաթաժողովում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ընդունած համատեղ հայտարարությունում եւ որը վերահաստատվել է նաեւ Մինսկի խմբի համանախագահների կողմից եւ ընդունվել Հայաստանի կողմից,

20. հայտարարում է, որ ԵՄ-ն, չնայած այն բանին, որ չի հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, պետք է ավելի ակտիվ դեր խաղա վստահության ամրապնդման միջոցառումներին հետագա աջակցության հարցում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի միջեւ խաղաղության, հաշտեցման եւ վստահության գաղափարների տարածման համար, եւ այս համատեքստում ընդգծում է այն նշանակությունը, որը վերջինս տալիս է ԵՄ ներկայացուցիչների, այդ թվում Եվրախորհրդարանի անդամների անվերապահ մուտքի հնարավորությանը տարածաշրջան,

21. դատապարտում է Ադրբեջանի նախագահի որոշումը, որով ներում է շնորհվել ԵՄ անդամ երկրի դատարանների կողմից դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին, խորը մտահոգություն է հայտնում Սաֆարովին` Ադրբեջանին արտահանձնելուց հետո վերջինիս հերոսացման կապակցությամբ, համարում է, որ այդ քայլը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքին, այլեւ նպաստում է տարածաշրջանում լարվածության հետագա աճին, սրելով անարդարության զգացումը, դատապարտում է նման ցանկացած սադրանք, որն էլ ավելի կմեծացնի լարվածությունն առանց այդ էլ լարված ու փխրուն իրավիճակում,

22. խորապես մտահոգված է, որ նման գործողությունները կարող են սպառնալիքի տակ դնել հաշտության փորձերը եւ էլ ավելի խափանել տարածաշրջանում մարդկային խաղաղ շփումների հետագա զարգացումը, ինչը կարեւոր միջոց է կայուն խաղաղության հասնելու համար,

23. ողջունում է բոլոր այն հայտարարությունները, որոնք նպաստում են հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի ծրագրված բացման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բոլոր կողմերից ստացել են նոր հավաստիացումներ առ այն, որ համաձայն միջազգային իրավունքի` նրանք մերժում են քաղաքացիական օդանավերի դեմ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման ցանկացած փորձ եւ որ ձեռնպահ կմնան այդ հարցի քաղաքականացումից, 

24. դատապարտում է Հայաստան-Թուրքիա երկու արձանագրությունների չվավերացված լինելը, որոնք ստորագրվել են 2009թ. Ցյուրիխում եւ այդ համատեքստում կոչ է անում կողմերին, մասնավորապես Թուրքիային, կատարելու իր պարտավորությունները, ընդգծում է առանց նախապայմանների ցյուրիխյան արձանագրությունների վավերացման եւ հարաբերությունների բարելավմանը նպաստելուն ուղղված ջանքեր գործադրելու կարեւորությունը, բացելով միակողմանիորեն փակված սահմանը,

25. համոզված է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման գործընթացը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները չպետք է փոխկապակցվեն եւ աջակցում է տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, այսպիսով վերջ դնելով տարածաշրջանի ցանկացած երկրի տնտեսական մեկուսացմանն ուղղված քաղաքականությունները,

26. հիշեցնում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Եվրախորհրդարանի 1987թ. բանաձեւը, ինչեւէ քաջալերված է, որ վերջին տարիներին բուն Թուրքիայում այդ հարցը դարձել է բաց եւ հրապարակային բանավեճի առարկա, որը կարող է նպաստել երկու հարեւան ժողովուրդների միջեւ հաշտեցմանը՝ ապահովելով նրանց խաղաղ գոյակցությունը եւ երկարատեւ համագործակցությունը: