Մոսկվայում սպանված հայ դպրոցական Էդուարդ Մարգարյանի գործով քննիչը կրկին փակել է գործը` համառորեն չցանկանալով հանցակազմ տեսնել: NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում սպանված աշակերտի մայրը` Ալլա Մարգարյանը նշեց, որ  համապատասխան որոշումը թվագրվում է նոյեմբերի 9 –ին: «Նոյեմբերի 14-ին կայացել է դատական նիստը, որի ժամանակ դատախազի ներկայացուցիչը հայտարարեց, որ հոկտեմբերի 21-ին որոշվել է վերսկսել գործի քննությունը: Սակայն ոչ մի խոսք` գործի դադարեցման մասին: Ստացվում է, որ չգիտեր»,-նշեց Ալլա Մարգարյանը: Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 28 –ին հեռախոսազրույց է ունեցել քննիչի հետ եւ դարձյալ նա ոչ մի բան չի  հայտնել իրեն:

«Միայն հաջորդ օրը հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ «հանցակազմի բացակայության պատճառով» գործը փակված է»,-տեղեկացրեց Ալլա Մարգարյանը: Փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո նա մտադիր է կրկին դիմել դատարան` հետաքննությունը վերսկսելու եւ մեղավորին պատժելու պահանջով:

Հիշեցնենք, որ Մոսկվայի թիվ 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարգարյանը մահացել է 2010թ. սեպտեմբերի 7-ին: Կատարվածի առնչությամբ Մոսկվայի ՆԳԳՎ-ը հաղորդել էր, որ տղան մահացել է կռվի արդյունքում: Կռիվը հրահրել է 9-րդ դասարանի ազգությամբ ադրբեջանցի աշակերտ Մամեդ Մեմեդովը, որը եւս, ինչպես եւ Էդուարդը, Ռուսաստանի քաղաքացի է:

Իրավապահ մարմինների համաձայն` կռիվը տեղի է ունեցել դպրոցի մոտակայքում:Որոշ տվյալների համաձայն` Մամեդովը մարտարվեստի հնարքների է տիրապետել, որոնք կիրառել է Մարգարյանի հետ կռվի ժամանակ: Ամեն դեպքում, Մամեդովի նկատմամբ քրեական գործը փակվել էր: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Էդիկը տառապել է քրոնիկական հիվանդություններով, որոնք կռվի ժամանակ իրենց ճակատագրական դերն են ունեցել:

Տուժած կողմի պահանջով կրկնակի փորձաքննություն է անցկացվել, որի արդյունքները քիչ են տարբերվում նախորդից: «Բժշկական եզրակացության մեջ շատ անճշտություններ կան: Փաստաբանի եւ մահացած դպրոցականի ընտանիքի կարծիքով` առաջին փորձաքննությունը կողմնակալ եւ ոչ օբյեկտիվ բնույթի էր եւ նպատակ էր հետապնդում փակել Մամեդովի նկատմամբ հարուցված քրեական գործը:

Ընթացիկ տարվա մարտին դատարանը Ալլա Մարգարյանի քաղաքացիական հայցի հիման վրա Մամեդովի ծնողներին ստիպել էր վճարել 500 հազ. ռուբլի: Միաժամանակ դատարանը մեղավոր չէր ճանաչել մանկական պոլիկլինիկային եւ առողջապահությւան դեպարտամենտին: Նշված որոշման հետ կապված Ալլա Մարգարյանը դիմել էր դատարան` Մամեդովի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով: