Իրանում Ադրբեջանի «հետաքրքրությունները» տարածքային նկրտումներով չեն սահմանափակվում. Բաքուն խիստ շահագրգռված է իրանական նավթի յուրացմամբ: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով «Sunday Times»-ի հրապարակումն Իրանի դեմ գործողություններում Ադրբեջանի տարածքից  իսրայելական անօդաչու թռչող սարքերի հնարավոր օգտագործման վերաբերյալ: 

Փորձագետը նշել է, որ մեկ ամսից ավելի է քննարկվում է Ադրբեջանի տարածքում իսրայելական օդուժի տեղակայման հարցը, ընդ որում՝ ադրբեջանական կողմն ամեն կերպ խուսափում է դա հաստատելուց:  «Չնայած որ դրանք էլ վերջնական տվյալները չեն: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում Ադրբեջանը դուրս կգա Իրանի դեմ: Դա ունի մի քանի պատճառ», - վստահ է Արկադի Գրիգորյանը: Ըստ նրա` առաջին հերթին Ադրբեջանը զգուշանում է իր հզոր հարեւանից: Երկրորդ, նա բացահայտ  հավակնում է Իրանի տարածքների մի մասին եւ որ ամենագլխավորն է՝ իրանական նավթին, առանց որի 20 տարի անց պարզապես կմեռնի: «Ադրբեջանին անհրաժեշտ են նոր նավթահանքեր` կամ իրանական, կամ թուրքմենական: Այժմ Իրանը հայտնվել է Արեւմուտքի թիրախում, սակայն դեռեւս մահացու վտանգավոր  հակառակորդ է Ադրբեջանի համար», - հիշեցրել է փորձագետը: