Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության դահլիճում «Հայ Արտ պրոդակշն» հայ-կանադական կազմակերպության նախաձեռնությամբ կայացել է Թբիլիսիի «Ջեյրան» հայկական պարախմբի առաջին մենահամերգը, որին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդես գալով բացման խոսքով` նախարարի տեղակալը նշել է, որ պարախումբը մշտապես գտնվել է գերատեսչության ուշադրության կենտրոնում. հաջողությամբ մասնակցել է 2012թ. «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում անցկացված պարարվեստի օրերին, պարգեւատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրով եւ «Կոմիտաս» մեդալով:

Հյուրերին իրենց կատարումներով ողջունել են Երեւանի «Գոլդ սթար», «Վանք» եւ «Գիսանե»  պարային համույթները:

Միջոցառման ավարտին «Ջեյրան» պարային համույթը պարգեւատրվել է Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության պատվոգրով` Սփյուռքում հայ պարարվեստի զարգացման եւ տարածման գործում ունեցած զգալի ավանդի համար: