Այս սենսացիան այնքան էլ «թարմ» չէ... Նման կանխատեսումներ միշտ են եղել: Դրան է վերաբերում նաեւ ապոկալիպսիսը, որը խոստանում է մայաների օրացույցը: Այն կազմվել եւ քարերի վրա փորագրվել է դեռեւս մ.թ.ա. VII դարում:
Ի վերջո, սկզբում անհասկանալի նշաները գիտնականները վերծանեցին եւ առավել հասկանելի կերպով ներկայացրին հանրությանը: Ինչն էլ, իր հերթին, նպաստեց հետագայում տարբեր լուրերի տարածմանը, այդ թվում` անհեթեթ:
«Անհեթեթ լուրերի» առաջին կատալիզատորը դարձավ ամերիկացի հնագետ, Եյլի համալսարանի անթրոպոլոգիայի պրոֆեսոր Մայքլ Կոուի` «աշխարհի վերջի» մասին զավեշտալի «կանխատեսումը»: Կես դարի առաջ, հանդես գալով համաժողովներից մեկում, գիտնականն ասաց, որ մայաների օրացույցով 2012 թ-ին ավարտվում է միանգամից երկու փուլ` ավանդական չորսհարյուրամյակն ու 5126 տարվա վիթխարի ցիկլը:

Այսինքն, այս տարվա դեկտեմբերին սպասվում է ցիկլերի ավարտի ճակատագրական համընկում: Թեեւ գործը կարող է ավարտվել «պարզ» գլոբալ երկրաշարժով, կամ համաշխարհային ջրհեղեղով: Սակայն, անկախ լիկվիդացիայի մեթոդներից, մեր քաղաքակրթությունը դեկտեմբերի 21 –ին կավարտի իր բազմադարյա ուղին...
Աշխարհի վեւրջի մասին կանխատեսումներ քիչ չեն եղել. գրեթե բոլոր ժողովուրդների մոտ եւ բոլոր ժամանակներում: «Աշխարհի վերջի» վերջին սպասումները միլենիումի` նոր հազարամյակի հետ էին կապված: Ի դեպ, թե որ տարին պետք է լինի II հազրամյակի վերջին տարին, այն ժամանակվա աժիոտաժի մեջ այդպես էլ չհստակեցվեց:
Բայց քանի որ «աշխարհի վերջը» վրա չհասավ, այն «տեղափոխվեց» հաջորդ տարիների վրա: Այդ կանխատեսումների ձախողումից հետո համաշխարհային հանրությունը մի փոքր հանգստացավ մինչեւ նոր «աշխարհի վերջի» մասին հայտարարությունները, այս անգամ ` մայաների օրացույցով:
Սակայն զանգվածային աղետներ միշտ էլ եղել են, եւ ոչ միայն վերջին տարիներին: Օրինակ, 1138 թ. Սիրիայում երկրաշարժի ժամանակ զոհվել էր 230 հազ. մարդ, իսկ XIV դ. Եվրոպայում ժանտախտի համաճարակի ժամանակ` մոտ 75 մլն մարդ:
…Բնականաբար սրամիտներն անուշադրության չեն մատնել այնպիսի նշանակալի իրադարձությունը, ինչպիսին «աշխարհի վերջն է», եւ համացանցը ողողված է թեմայի հետ կապված նկարների ու անեկդոտների շարքերով: Այսպես ուրախ անցկացնելով, մոտենում ենք ճակատգրական օրվան...Իհարկե, ծիծաղելի կլինի ամեն ինչ լուրջ ընդունել, սակայն անքննելի են գործերն Աստծո...

Ալբերտ Խաչատրյան




























