Ադրբեջանի եւ Իսրայելի ռազմական համագործակցության մասին խոսակցություններ վաղուց կան: Սակայն Ադրբեջանը շարունակում է չեզոքություն պահպանել` չցանկանալով պլացդարմ դառնալ եւ վախենալով հարեւան Իրանի սպառնալիքներից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով մասնագետ Սարգիս Ասատրյանը` մեկնաբանելով «Sunday Times»-ի ` Իրանի դեմ գործողություններում Իսրայելի կողմից Ադրբեջանի տարածքի հնարավոր օգտագործման մասին հրապարկումը:
«Առավել եւս, որ Իրանը խոստացել է հարվածել երկրին, որը հակաիրանական գործողություններ կձեռնարկի: Ադրբեջանն այս առումով բացառություն չի կարող լինել»,-նշեց փորձագետը:
Միաժամանակ նա հիշեցրեց, որ գոյություն ունեն Ադրբեջանի վրա ճնշման շատ «ցավոտ կետեր»: Ասատրյանի խոսքով` այդ իսկ պատճառով միանգամայն հավանական է, որ Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ նշված ուղղությամբ համագործակցության վերաբերյալ բանակցություններ են ընթանում կամ արդեն կայացել են: «Սակայն չեմ կարծում, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում Ադրբեջանը կկարողան պահպանել չեզոքությունը»,-եզրափակեց Ասատրյանը:





























