Հայաստանի Ազգային ժողովում սկսվել է «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկումը: Հարցը ներկայացնում է Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Կառավարությունն առաջարկում է էապես բարձրացնել փողոցային առեւտրի (ոչ սահմանված տեղերում եւ առանց թույլտվության առեւտրի) նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:

Կ. Արեյանի տեղեկացմամբ՝ ներկայում կիրառվող 1000 դրամ տուգանքը արդյունավետ չէ: 2012 թ. Երեւանում կազմվել է առեւտրի կանոնների խախտման 3361 արձանագրություն, որից 2418-՝ը ոչ սահմանված տեղերում առեւտուր անելու վերաբերյալ, 480 արձանագրություն՝ առանց թույլտվության բացօթյա առեւտուր անելու վերաբերյալ:

Կառավարությունն առաջարկում է քաղաքացիներին տուգանել նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանապատիկի չափով՝ ոչ սահմանված տեղերում բուսական ծագում ունեցող գյուղատնտեսական ապրանքների առեւտրի համար: Մնացած դեպքերի համար տուգանքը պետք է կազմի նվազագուն աշխատավարձի հիսնապատիկից յոթանասունապատիկի չափով:

Կառավարության ներկայացրած նախագծի վերաբերյալ մտահոգություններ հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրա կարծիքով՝ պետք է տարբերակել գյուղացուն վերավաճառից, այլապես՝ եթե գյուղացուն 15 հազ. դրամ տուգանեն, նա մեկ բեռնված մեքենա վաճառելու դեպքում էլ օգուտ չի ունենա: «Գյուղացիներին վնաս չտանք»,-Կ. Արեյանին հորդորեց Հ. Աբրահամյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am