«Օրենքով գող» Բաչուկան, նույն ինքը՝ Բադրի Դվալին, ում նոյեմբերի 28-ին ձերբակալել են Թբիլիսիի օդանավակայանում՝ թմրամիջոցներ ձեռք բերելու եւ պահելու համար, խոստովանել է, որ Վրաստան է ժամանել «գողական» հավաքի մասնակցելու համար: Այս մասին ասված է այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Վրաստանի դատախազության տարածած հայտարարության մեջ:

«Կալանավորման ժամանակ Դվալին հայտարարել է, որ ինքն «օրենքով գող» է եւ Վրաստան է ժամանել, որպեսզի հարցեր տա «ոմանց» եւ մասնակցի գողական հավաքի, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Դատախազության տեղեկատվության համաձայն, Բադրի Դվալին ծնվել է 1970 թվականին, Քութայիսի քաղաքում: 1991-ին նա Քութայիսիիի քրեական հեղինակությունների կողմից  «օրենքով գող» է ճանաչվել: 2000 թվականից ի վեր, Բադրին տարբեր ծանր հանցագործությունների համար պատիժ է կրել ռուսական տարբեր բանտերում: 2002 թվականին Մոսկվայի Գոլովինի շրջանային դատարանը նրան դատապարտել է 12 տարվա ազատազրկման: Նա պատիժը կրել է Նովոսիբիրսկի օկրուգի բանտում եւ ազատ է արձակվել 2012-ի հունիսին: