Մեծ Բրիտանիայում Արեւելյան Անգլիայի համալսարանի կլիմայի փոփոխության Թինդելի անվան գիտական կենտրոնի գիտնականները հաշվարկել են, որ ընթացիկ տարում հանածո վառելիքի այրման արդյունքում մթնոլորտում է հայտնվել 35,6 ,լրդ տոննա ածխաթթու գազ, ինչը 58 տոկոսով գերազանցում է 1990 թվականի ցուցանիշը: Դա նշանակում է, որ համաշխարհային հանրությանը չի հաջողվում զսպել մոլորակի ջերմաստիճանի աճը երկու աստիճանի սահմաններում:
Հաշվարկների համաձայն, ածխաթթու գազի արտանետումները 2012 թվականին գերազանցել են 2010 թվականի ռեկորդը: Ներկայումս 2,2 մլրդ տոննայով ավելի շատ ջերմոցային գազեր են մթնոլորտ նետվել, քան այն ժամանակ: Ամենից շատ այդ հարցում ներդրում ունեն Չինաստանը (28 տոկոս), ԱՄՆ-ը (16 տոկոս), ԵՄ-ն՝ (11 տոկոս) եւ Հնդկաստանը (7 տոկոս):
Ընդ որում, նախորդ տարվա համեմատ Չինաստանում եւ Հնդկաստանում ածխաթթու գազի արտանետումներն ավելացել են համապատասխանաբար 9,9 եւ 7,5 տոկսով, իսկ ահա ԱՄՆ-ում եւ Եվրոպայում այց ցուցանիշը նվազել է համապատասխանաբար 1,8 եւ 2,8 տոկոսով:
Այդուհանդերձ, ԱՄՆ-ը շարունակում է առաջատար լինել մեկ շնչին ընկող արտանետումների քանակով, հաղորդում է INFOX.ru-ն:
Երկիր մոլորակի գլոբալ տաքացումը 2 աստիճանի սահմաններում զսպելու համար ածխաթթու գազի արտանետումները պետք է կրճատվեն 14 տոկոսով, այնինչ դրանք շարունակում են տարեցտարի աճել:





























