Մեծ Բրիտանիան խորհրդակցության համար հետ է կանչել Իսրայելում իր դեսպան Դանիել Թոբին: Նման քայլի պատճառը Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքում նոր շինարարությունն է: Լոնդոնին կարող են հետեւել Ֆրանսիան եւ Գերմանիան, հաղորդում են լրատվամիջոցները:

Ավելի վաղ, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կանչել էր Լոնդոնում Իսրայելի դեսպանին, պաղեստինյան տարածքներում նոր բնակավայրերի շինարարության պլանների վերաբերյալ բացատրության համար: Նույն պատճառով Փարիզում Իսրայելի դեսպանին կանչել էր նաեւ Ֆրանսիայի ԱԳՆ-ն: Գերմանիան, իր հերթին, կոչ է արել Իսրայելին դադարեցնել նոր բնակավայրերի շինարարությունը:

Ավելի վաղ նշվել էր, որ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ են գնալ աննախադեպ քայլի, դրանով բողոքելով Իսրայելի գործողության դեմ, որը Երուսաղեմի եւ Մաալե Ադումիմի միջեւ «կանաչ տարածքում» լրացուցիչ 3 հազար միավոր բնակավայր է կառուցում:

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ երկու կողմերն էլ պատրաստ են առաջին անգամ հետ կանչել Թել Ավիվից իրենց դեսպաններին, հաղորդում է «Ռոսբալտը»:

Լոնդոնն ու Փարիզը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այս որոշումը համարում են յուրօրինակ «կարմիր գիծ», որը չ մի դեպքում չէր կարելի հատել:

Իսրայելի իշխանությունները թույլ են տվել եւս 3 հազար բնակելի տներ կառուցել Երուսաղեմում, Սամարիայում եւ Հուդայում: Բացի այդ, որոշվել է շարունակել եւս հազար միավոր բնակելի տների նախագծումը Երուսաղեմում եւ Հորդանան գետի արեւմտյան ափի հրեական բնակավայրերում: Այս քայլն արվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից Պաղեստինի վարչակազմին ՄԱԿ-ի դիտորդ պետության կարգավիճակ շնորհելու ֆոնին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը կոչ է արել Իսրայելին հրաժարվել պաղեստինյան տարածքներում նոր բնակելի տներ կառուցելու պլաններից: