Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Փարիզում հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գլխավոր տնօրեն Դով Զերահի հետ:

Կողմերը քննարկել են ջրային, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Դով Զերահն անդրադարձել է ԶՖԳ պատվիրակության` վերջերս Երեւան կատարած այցին` նշելով, որ  պայմանավորվածություններ են ձեռք բերվել ջրամատակարարման ու ջրահեռացման եւ մի շարք այլ ոլորտներում ծրագրերի վերաբերյալ: Գործակալությունը  Հայաստանում նախատեսում է նաեւ գյուղատնտեսության, մասնավոր հատվածի, հիփոթեքային շուկայի զարգացմանն ուղղված, ինչպես նաեւ ջրամբարաշինության (մասնավորապես Վեդիի ջրամբարի կառուցման) նախագծեր իրականացնել: Հեռանկարային են համարվում գյուղական տարածքների զարգացման ծրագրերը:

ԶՖԳ գլխավոր տնօրենը ողջունելի է համարել նաեւ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված մակարդակով  արդյունավետ գործակցությունը` նշելով, որ գործակալությունը սատարում է այդ ուղղությամբ աշխատանքներին: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել համագործակցության խորացմանը`  համատեղ ծրագրերի իրականացման գործում Եվրամիության  ու միջազգային դոնոր կազմակերպություններից միջոցներ ներգրավելով:

Փոխվարչապետը ողջունել է Հայաստանի հետ փոխգործակցության խորացման  գործակալության մտադրությունները` նկատելով, որ ԶՖԳ-ի ուշադրության կենտրոնում գտնվող ոլորտներն առաջնային են նաեւ Հայաստանի կառավարության համար:

Նա  ընդգծել է  ԶՖԳ փորձառությունը տարբեր երկրներում զարգացման հաջող ծրագրերի իրականացման գործում եւ հայկական կողմից փոխշահավետ նախագծերի իրականացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Պայմանավորվածություն ձեռք է բերվել, որ  ԶՖԳ-ն կմասնակցի հաջորդ տարի Ֆրանսիայում կայանալիք ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական երկրորդ  համաժողովին:

Նշենք, որ ԶՖԳ-ն ծրագրեր է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում, որոնք հիմնականում ուղղված են տնտեսության աճին, ենթակառուցվածքների զարգացմանը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: