Մինչ Ստամբուլում ընթանում է Թուրքիա-Ռուսաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 3-րդ համաժողովը, թուրքական լրատվամիջոցներն արդեն հայտնել են թե ինչի շուրջ է եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ առաջին զրույցը։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Ստամբուլի Դոլմաբահչեյի պալատում 2 ղեկավարները ձեռքսեղմումից հետո նստել են աթոռներին եւ առաջին թեման եղել Պուտինի առողջական խնդիրը։ Նշվում է, թե Պուտինը Էրդողանին առաջարկել է սպորտով զբաղվել։
Միեւնույն ժամանակ Ստամբուլի Conrad հյուրանոցում հանդիպում են անցկացրել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն։ Լրատվամիջոցների համար փակ անցած հանդիպումը տեւել է 1 ժամ 45 րոպե։
Նշենք, որ Պուտինի այցը Թուրքիա նախատեսված էր հոկտեմբերի 14-ին, սակայն այն հետաձգվել էր։ Որոշ վերլուծաբաններ այս հանգամանքը պայմանավորում են Թուրքիայում իջեցված Սիրիական օդանավի խնդրով։






























