Հայաստանի սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ԱՊՀ երկրների հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծման աջակցության ծրագրի շրջանակներում գուսանական եւ հայրենասիրական երգերի «Հայկազունք» համույթը՝ գուսան Հայկազունի ղեկավարությամբ համերգային շրջագայությամբ գտնվում էր Ռուսաստանի դաշնության Սամարա, Ուֆա, Օրենբուրգ, Կազան քաղաքներում:
Համերգային շրջագայության նպատակը Ռուսաստանի տարբեր քաղաքներում բնակվող հայերին հայկական ազգային, գուսանական ու հայրենասիրական երաժշտությունը ներկայացնել էր, այն երիտասարդությանը ճանաչելի ու ընկալելի դարձնելը:
Համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում: Հայաստանից մեկնած համույթն արժանացել է ջերմ ընդունելության: Բոլոր քաղաքներում համերգներից հետո ոգեւորված հանդիսատեսն իր բարձր գնահատականն ու շնորհակալությունն էր հայտնում համույթի ղեկավարին եւ ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ իրենց համար անչափ կարեւոր միջոցառումները նախաձեռնելու եւ իրականացնելու համար:





























