Հայաստանի ջերմոցային տնտեսությունների ասոցիացիան ջերմոցները տաքացնելու այլ աղբյուրներ է փնտրում: Հայաստանի ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի տնօրեն Պողոս Գեւորգյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ պատճառը գազի բարձր գինն է եւ «Հայռուսգազարդի» կողմից սպասարկման խիսկ պայմանները:

«Ձմռան սեզոնին գազ մատակարարելու համար ջերմոցի տիրոջից 4,5 մլն դրամ կանխավճար են պահանջել, թեեւ մինչ այդ նա պարտաճանաչ վճարող է եղել: Եվս մեկ խնդիր է ջերմաստիճանի գործակիցը. որքան ջերմաստիճանը ցածր է, այնքան բարձր է գազի խտությունը, հետեւաբար, ավելի շատ գազ է մատակարարվում նույն ճնշման դեպքում: Այդ գործակիցների հաստատման իրավաչափությունը, ստացվող գազի ջերմունակությունը մեզ մոտ կասկածների տեղիք է տալիս: «Հայռուսգազարդի» գործողությունները երրորդ կողմի միջոցով ստուգել մենք չենք կարող: Գազի կալորիականությունը, բացի «Հայռուսգազարդից», կարող են ստուգել նաեւ անկախ ընկերությունները, բայց չեն համաձայնում անել դա»,-պարզաբանեց Գեւորգյանը:

Նրա խոսքով, խտացված թեփն իրենք ցանկանում են փորձարկել այս ձմեռ: Արտասահմանյան մեկ սարքավորման արժեքը 12 հազար դոլար է, այդ թվում 8 հազար դոլար արժե թեփը կտրտելու մեքենան, իսկ 4 հազար դոլար՝ այն բրիկետների վերածելու մեքենան:

«Արդեն 20 ֆերմերներ ցանկություն են հայտնել նման սարքավորում ձեռք բերել»,-հավելեց Ասոցիացիայի տնօրենը:

Նշենք, որ 2003-ի թվյալներով, Հայաստանում կա 950 ջերմոցային տնտեսություն: