Արտահերթ նիստը տապալելու պատճառով Սահմանադրական դատարան դիմելու նպատակով Հայ ազգային կոնգրես խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքը շարունակվում է: Այս պահի դրությամբ ստորագրահավաքին միացել է 17 պատգամավոր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Ստորագրահավաքին միացել է ԲՀԿ-ական մի քանի պատգամավոր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա շեշտեց, որ որեւէ խնդիր չեն տեսնում նախաձեռնությանը միանալու հարցում եւ իրենց պատգամավորները վաղը եւս կստորագրեն: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները եւս միացել են ստորագրահավաքին:

Հիշեցնենք, ՀԱԿ-ի նախաձեռնած նոյեմբերի 21-ի ԱԺ արտահերթ նիստը չի կայացել: Կանոնադրությամբ սահմանված երեք ժամվա ընթացքում բավարար թվով պատգամավորներ չէին գրանցվել:  Խորհրդարանական ՀՅԴ խմբակցությունը մտադիր է արտահերթ նիստի տապալման հարցով դիմել Էթիկայի հանձնաժողով: