Հայ ազգային կոնգրեսը Ազգային ժողովում 2008-ի մարտի 1-ի դեպքերի հետաքննության նպատակով նոր հանձնաժողով ձեւավորելու նախագծի հեղինակն է եւ ինքը պետք է որոշի իր ռազմավարությունը: Ամենայն հավանականությամբ, իրենք հայտնի է այն մոտիվացիան, որի պատճառով նախագծի հեղինակ Գագիկ Ջհանգիրյանը համաձայնել է ՀՀԿ խմբակցության առաջարկին: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով մարտի 1-ի դեպքերի հետաքննության նպատակով նոր հանձնաժողովի ստեղծումը 2013-ի նախագահական ընտրություններից հետո հետաձգելու նախաձեռնությանը:

Զոհրաբյանի խոսքով, մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հասարակության մոտ հարցեր չպետք է մնան, այնինչ այդպիսիք մնացել են: «Հետեւաբար, ԲՀԿ-ն հանդես է գալիս այդ իրադարձությունների հետաքննության նպատակով խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման օգտին: Մենք պատրաստ էինք քվեարկել այդ հանձնաժողովի ստեղծման օգտին: ԲՀԿ-ն համարում է, որ այս իրավիճակում ճիշտ կլիներ, եթե որոշման մեջ նշվեր, որ հանձնաժողովը կստեղծվի նախագահական ընտրություններից հետո 4 ամիս անց: Սակայն որոշ քաղաքական ուժեր, ըստ ամենայնի, վախեցան, որ նախագահական ընտրություններից առաջ հանձնաժողովի ստեղծումը կարող է քաղաքական շահարկումների պատճառ դառնալ եւ առաջարկ են արել, որին ՀԱԿ-ը համաձայնել է: Այս մոտեցումն ավելի ռացիոնալ կլիներ, քան այն տարբերակը, որին համաձայնել է ՀԱԿ-ը: Դա իրենց նախագիծն է եւ իրենք ավելի լավ գիտեն, թե ինչու են համաձայնել այդ տարբերակին»,-ընդգծեց Զոհրաբյանը:

Նա նաեւ նշեց, որ ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունը, ենթադրելով, որ այդ հանձնաժողովի ստեղծման հարցով քվեարկություն տեղի կունենա խորհրդարանում, ընդհատել է իր պատգամավորների գործուղումները, որպեսզի ապահովի նրանց ներկայությունը: ««Այդ ամենն արվել է նրա համար, որպեսզի որոշ քաղաքական ուժեր չշահարկեին, ասելով, թե նման կարեւոր հարցի քվեարկության ժամանակ ԲՀԿ-ական պատգամավորները բացակայել են»,-ամփոփեց Զոհրաբյանը: