Հայաստանից ոչ մի չվերթ չի հետաձգվել Շարմ էլ-Շեյխի օդանավակայանում գործադուլի պատճառով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը:
Հայաստանից Շարմ էլ-Շեյխ ժամանակ առ ժամանակ իրականացվում են չարթերային չվերթներ: Նրա փոխանցմամբ` առաջիկա օրերին նախատեսված չարթերային չվերթներ չկան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Եգիպտոսում արդեն երկրորդ օրն է, որ գործադուլ են հայտարարել ամենահայտնի հանգստավայրի՝ Շարմ էլ-Շեյխի օդանավակայանի աշխատակիցները: Գործադուլի պատճառով հետաձգվել են ավելի քան 100 միջազգային չվերթներ: Օդանավակայանի ընդունման սրահն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ամբողջությամբ փակ է եւ զբոսաշրջիկներ չի ընդունում:
Օդանավակայանի 150-ից ավելի աշխատակիցները պահանջում են բարելավել աշխատանքի սոցիալական պայմանները, բարձրացնել աշխատավարձները, ինչպես նաեւ հետաքննել ընկերությունում կոռուպցիայի բազմաթիվ փաստերը: Նրանք դշգոհ են, որ Քաղաքացիական ավիացիայի նախարարությունն ամբողջությամբ անտեսում է իրենց պահանջները:
Ինչպես հաղորդում է АН-online-ը, գործադուլի պատճառով, բոլոր չվերթները սպասարկում է միայն մեկնման սրահը: Օդանավերը վայէջք եւ թռիչք են կատարում բավական ուշացումով:



























