Սիրիայի ԱԳՆ-ի պաշտոնական աղբյուրը հերթական անգամ բացառել է քիմիական զենքի կիրառումը ուղիղ արտաքին միջամտության բացակայության դեպքում: Աղբյուրն ընդգծել է, որ Սիրիայի ղեկավարությունը պայքարում է «Ալ Կաիդայի» եւ նրա հետ կապ ունեցող կազմակերպությունների, ոչ թե սեփական ժողովրդի դեմ:
Միաժամանակ, ՍԻրիայի ԱԳՆ-ում հիշեցրել են Վաշինթգոնին, որ հենց ԱՄՆ-ն է աշխարհում առաջին անգամ ատոմային զենք կիրառել ճապոնական քաղաքների խաղաղ բնակիչների դեմ:
Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերի ստորաբաժանումները Դամասկոսի նահանգի մի շարք քաղաքներում հաջող գործողություններ են իրականացրել: Մասնավորապես, Դարեա քաղաքի մշակութային կենտրոնի մոտ ռազմական բախման արդյունքում մի քանի դիպուկահարներ են ոչնչացվել: Հալեպի նահանգում ընդդիմադիր զինյալների երկու բազա է ոչնչացվել: Տասնյակ զինյալներ են ոչնչացվել Հալեպի Բուստան ալ-Բաշա թաղամասում:
Միաժամանակ, ընդդիմության զինյալները պայթյուն են կազմակերպել Հալեպի համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի շենքի դիմաց, որի հետեւանքով 4 մարդ վիրավորվել է:




























