Ռուսաստանն ամբողջությամբ կֆինանսավորի Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի ստեղծման նախագիծը, որը կազմում է ավելի քան 20 մլրդ դոլար: Այս մասին Անկարայում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքում, հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:
«Ներդրումները շատ մեծ են՝ 20 մլրդ դոլար: Մենք ամբողջությամբ կֆինանսավորենք այդ նախագիծը: Միջոցների 25 տոկոսից ավելին կուղղվի Թուրքիայում աշխատատեղերի ստեղծմանը: Մենք հույս ունենք, որ մեր թուրք գործընկերները արժանիորեն կգնահատեն ռիսկը: Ես ոչ մի սպառնալիք չեմ տեսնում այդ նախագծի համար»,-ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը վստահ է, որ Թուրքիան ինքն էլ շահագրգռված է այդ նախագծի իրագործմամբ: Նա նշել է, որ արդեն 100 թուրք ուսանողներ ուսանում են Ռուսաստանում՝ ատոմակայանում աշխատելու համար:
Իր հերթին, Էրդողանն ասուլիսում հայտնել է, որ Մերսինում «Աքքույու» ԱԷԿ-ի նախագծի հիմնադիր կապիտալը կավելանա 2,4 մլրդ դոլարով, իսկ ներդրումների ընդհանուր ծավալը կաճի մինչեւ 22 մլրդ դոլարի:
Թուրքական առաջին ատոմակայանը պետք է կառուցվի 10 տարում, մինչեւ 2022 թվականը: Ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվել է 20 մլրդ դոլար: Ռուսական «Ռոսատոմը» եւ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարությունն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, համատեղ հայտարարություն են ստորագրել «Աքքույու» ԱԷԿ-ի նախագծի վերաբերյալ:
Փաստաթուղթը ստորագրվել է ՌԴ նախագահի Անկարա կատարած այցի շրջանակներում: Պուտինը չի բացառել, որ Թուրքիան եւ Ռուսաստանը կընդլայնեն «Երկնագոյն հոսք» խողովակաշարի հնարավորությունները, այդ թվում երրորդ երկրների շուկաներ դուրս գալու ուղղությամբ:
Պուտինի ներկայացմամբ, իրենց համար կարեւորը ռուսական հումքի համար շուկաներ դուրս գալու ուղիների դիվերսիֆիկացիան է: ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն ավարտել է «Հյուսիսային հոսք» գազատարի շինարարությունը, շուտով կսկսվի «Հարավային հոսքի» շինարարությունը:





























