Թուրքիա-Ռուսաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 3-րդ համաժողովի շրջանակներում Ստամբուլում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վնասել է դաստակը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 3-ի երեկոյան, ժամը 18:00-ին այցելել է Ստամբուլի Թաքսիմի հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ Լավրովի ձախ ձեռքին` դաստակի մոտ կոտրվածք կա:  Դեռ հստակ հայտնի չէ, թե ինչի հետեւանքով է վնասվել ռուս նախարարի դաստակը, սակայն որոշ պնդումների համաձայն, Լավրովը վնասվածքը ստացել է հյուրանոցում ընկնելու հետեւանքով:

Համապատասխան բուժական միջամտություն ստանալուց հետո Ռուսաստանի արտգործնախարարը  հեռացել է հիվանդանոցից:

Նշվում է, որ Լավրովը դեկտեմբերի 4-ին հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Ի դեպ, Ռասմուսենը 2009-ին Ստամբուլի հյուրանոցներից մեկում աստիճաններից վայր էր ընկել, որի հետեւանքով նրա ուսն էր դուրս ընկել: