Ռուսաստանը կարծում է, որ Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին հրթիռային Patriot համալիրների տեղակայումը իրավիճակը չի կարգավորի: Այդ մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ինչ վերաբերում է Patriot համակարգին, նախ այն աշխարհում լավագույններից չէ, երկրորդ, մենք Թուրքայի նման մտահոգված ենք սահմանի դեպքերով, սակայն զսպվածության կոչ ենք անում», - ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պուտինը Ռուսաստանի դիրքորոշումը բացատրել է չեխովյան հայտնի արտահայտությամբ. «Եթե պիեսի սկզբում պատին հրացան է կախված, ապա պիեսի վերջում այն անպայման պետք է կրակի, ինչների՞ս է պետք սահմանին ավելորդ կրակոցը»:
Հիշեցնենք, որ Թուրքիան պաշտոնապես դիմել էր ՆԱՏՕ-ին` իրեն Patriot հրթիռային համալիրներ հատկացնելու խնդրանքով: Սիրիայի հետ սահմանին Patriot-ի տեղակայման մասին որոշումը կարող է ընդունվել դեկտեմբերի 4-ին կամ 5-ին ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը, ինչից հետո դրանց տեղակայման համար կպահանջվի ընդամենը մի քանի շաբաթ:




























