Եգիպտական EgyptAir ավիաընկերության ինքնաթիռը, որը Կահիրե-Քուվեյթ չվերթն էր իրականացնում, արտակարգ վայրէջք է կատարել Հուրգադայի օդանավակայանում, երբ ուղեւորներից մեկի ճամպրուկում գտնվող կոբրան փախել է եւ  մտել ուղեւորների սրահ: Տերը փորձել է բռնել օձին, վերջինս խայթել է, ինչից հետո ուղեւորների շրջանում խուճապ է սկսվել: Արդյունքում մարդիկ կոբրային մահացու կոխկռտել են: 

Տուժածը Հորդանանի քաղաքացի է: Նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել, իսկ վայրէջքից հետո տեղափոխել են հիվանդանոց:

Ոստիկանությունն այժմ պարզում է, թե ինչպես է տղամարդը կարողացել ինքնաթիռ հասցնել սողունին, որի խայթոցը մարդու համար կարող է մահացու լինել, հայտնում է utro.ru-ն:

Հիշեցնենք, նման միջադեպ էր տեղի ունեցել մի քանի օր առաջ իսպանական Iberia ավիաընկերության ինքնաթիռում:Կոստա Ռիկայից Շվեյցարիա վերադարձող ուղեւորին խայթել էր կարիճը: Ինքնաթիռն արտակարգ  վայրէջք էր կատարել  Մադրիդի օդանավակայանում, որտեղ բժիշկները տուժածի մարմնից հանել էին թույնը` հասցնելով փրկել նրա կյանքը: Կարիճին այդպես էլ չէր հաջողվել գտնել: