Վրացական լրատվամիջոցներին հայտնի է դարձել Վրաստանի Զինված ուժերի Միավորված շտաբի նոր ղեկավարի անունը` գնդապետ Իրակլի Ձնելաձե:

Interpressnews-ը հայտնում է, որ երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան դեկտեմբերի 4-ի առավոտյան ժամը 10:00-ին պատրաստվում է  հանդիպել Միավորված շտաբի ղեկավարի թեկնածուի հետ:

Հիշեցնենք, նոյեմբերի 11-ին դատարանի որոշմամբ դադարեցվել էին Միավորված շտաբի նախկին պետ Գեորգի Կալանդաձեի ծառայողական պարտականությունները` նրա դեմ հարուցված քրեական գործի կապակցությամբ:

Իրակլի Ձնելաձեն Վրաստանի Զինված ուժերում ծառայում է արդեն 20 տարի: Տարբեր ժամանակներում ծառայել է Միավորված շտաբի ցամաքային զորքերում: Նաեւ եղել է Ուկրաինայում Վրաստանի ռազմական կցորդը: Ձնելաձեն ռազմական կրթություն է ստացել ԱՄՆ-ում:

Եղել է J-4 բաժանմունքի ղեկավար, որն իրականացնում էր գործողությունների ծրագրման գործառույթը: