McAfee հակավիրուսային ծրագրի ստեղծող Ջոն Մաքաֆին հայտարարել է, որ ոստիկանությունն իրեն չի ձերբակալել: Մեքսիկայի եւ Բելիզի սահմանին իր անվամբ անձնագրով այլ մարդու են բռնել, իսկ իրեն հաջողվել է փախչել:

«Իմ անունով գրանցած հյուսիսկորեական անձնագրով իմ նմանակին իրոք բռնել են Մեքսիկայում՝ նախօրոք ծրագրված խախտման համար, իշխանությունների անտարբերության պատճառով նրան շուտով ազատել են…», - իր բլոգում գրել է Մաքաֆին: Մաքաֆին պնդում է, որ Բելիզից հեռացել է կալանքի իրական սպառնալիքի պատճառով, սակայն ավելի ուշ մտադիր է վերադառնալ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, ավելի վաղ Մաքաֆիի պաշտոնական բլոգում գրառում էր հայտնվել, որ Ջոն Մաքաֆին ձերբակալվել է Բելիզ-Մեքսիկա սահմանին` հարեւանին սպանելու կասկածանքով:

Բրիտանացի ծրագրավորողին ցանկանում էին հարցաքննել որպես վկա` նրա հարեւան Գրեգորի Ֆոլի սպանության գործով: 52-ամյա Ֆոլին մահացած էին գտել Ամբերգրիս Կայե կղզու իր տանը նոյեմբերի 11-ին: Ֆոլի տնից անհետացել էին հեռախոսն ու նոութբուքը:

Նախնական տվյալներով` Մաքաֆիի եւ Ֆոլի միջեւ վիճաբանություն է եղել. վերջինս բողոքել էր, որ Մաքաֆիի շունը չափազանց բարձր է հաչում:

Մաքաֆին ինքը հերքել է իր մասնակցությունը սպանությանը, նաեւ նշել, որ թաքնվում է ոստիկանությունից: