Տաջիկստանում Facebook-ի հասանելիությունը մասամբ վերականգնվել է: Պետական համացանցային պրովայդեր «Տաջիկ-տելեկոմը» դեկտեմբերի  4-ին բացել է նոյեմբերի 26-ից ողջ երկրում արգելափակված Facebook սոցցանցի հասանելիությունը:

Տեղի համացանցային պրովայդերների միության ղեկավար Ասոմուդին Աթոեւը «ՌԻԱ Նովոստին» հայտնել է, որ Facebook-ը բացելու մասին գրավոր կամ բանավոր ցուցում չի ստացվել, սակայն եթե պետական պրովայդերը բացել է, ապա մյուսներին էլ կթույլատրվի:

CA-News-ը հայտնում է, որ նախօրեին վերականգնվել էր նաեւ նախկինում արգելափակված «Ազատ Եվրոպա» ռադիոյի տաջիկական ծառայության կայքի հասանելիությունը: