2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 752.6 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 751.1 մլրդ դրամ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների եւ վերլուծության  վարչության պետ Գայանե Զարգարյանը: Նրա խոսքով՝ հարկային եկամուտների պլանը ընթանում է գերակատարմամբ, մեծ է հավանականությունը, որ մինչեւ տարեւերջ կհավաքագրվեն բյուջեի մասին օրենքով նախատեսված հարկերի ծավալները եւ նույնիսկ մի փոքր կգերակատրվեն:

Բյուջեի եկամուտների տարեկան պլանը կատարված է 80.9% ով, իսկ ծախսային պլանը՝ 76.9%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.1%-ով կամ շուրջ 63 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Հարկերի ընդհանուր ծավալը (ներառյալ պետական տուրքերն ու սոցապ վճարները) կազմել է 709.8 մլրդ դրամ՝ 66.5 մլրդ դրամով ավելի, քան 2011 թ. 11 ամսում:

Հարկերի աճը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, եկամտահարկի, ակցիզային հարկի եւ մաքսատուրքի  մուտքերի աճով:

Հարկային մուտքերը (առանց սոցապ վճարների) կազմել է 603.7 մլրդ դրամ, որի 49.6%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) հաշվին:

ԱԱՀ-ի մուտքերից ավելի քան 191.4 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 108 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: ԱԱՀ-ի մուտքերի աճն ապահովվել է եւ´ ներմուծման, եւ´ ներքին շրջանառության աճի հաշվին:

Հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 15.8% ը ձեւավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 95.2 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 13.8%-ով կամ 11.5 մլրդ դրամով:

Եկամտահարկի մուտքերը կազմել են 73.3 մլրդ դրամ՝ ապահովելով հարկերի եւ տուրքերի 12.1%-ը եւ 7.2 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են 36 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 6% ը եւ 6.2 մլրդ դրամով գերազանցել 2011 թ. համապատասխան ցուցանիշը: