Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ընդդիմադիր Լեոնիդ Ռազվոզժաեւի նկատմամբ: Գերատեսչության կայքում հաղորդվում է, որ Ռազվոզժաեւը մեղադրվում է ապօրինաբար Ռուսաստանի սահմանը հատելու մեջ:

Հաղորդվում է, որ Ռազվոզժաեւը, իմանալով իր նկատմամբ «Բողոքի անատոմիա  – 2» ֆիլմի առթիվ ստուգումներ անցկացնելու մասին, ցանկացել է խուսափել քրեական պատասխանատվությունից:

«Ռոսիյսկայա գազետան» հայտնում է, որ ՌԴ օրենսդրության համաձայն՝  ՔԿ-ն, առանց Գլխավոր դատախազության հանձնարարականի, նման գործերի հանգամանքները քննելու իրավասություն չունի: Այդ կապակցությամբ համապատասխան միջնորդագիր է ուղարկվել դատախազություն:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն Լեոնիդ Ռազվոզժաեւի նկատմամբ առաջին երկու քրեական գործերի միավորման որոշում էր կայացրել: Ընդդիմադիրը մեղադրվում էր թալանի եւ Մոսկվայում անկարգություններ հրահրելու մեջ: